Գրիգոր Տաթևացին իր բազմակողմանի գործունեությամբ նշանավորվել է դեռ կենդանութեան օրոք: Նա համբավ է վայելել և' իբրև դպրապետ, և' իբրև գիտնական, և' իբրև քաղաքական գործիչ: Ղևոնդ Ալիշանը իրավամբ նկատել է, որ նա երկար ժամանակ չի գերազանցվել իր հռչակով. «Ի յետին ամս կենաց սորին (Յովհան Որոտնեցու - Ս. Գ.), յելս ԺԴ դարու եւ ի սկիզբն ԺԵ-ին պայծառացաւ բազում անգամ յիշատակեալ աշակերտ նորին Գրիգոր, որ վասն երկար բնակութեանն, ուսման, գրութեանց եւ վարդապետութեան, մահուանն եւ թաղման ի վանքս, կոչեցաւ յատկապէս Տաթեւացի եւ ի յաջորդացն հռչակեցաւ ո'չ միայն գերագոյն քան զամենայն յետոյ եկեալ վարդապետսն, այլ քան զհոլովս յառաջնոց»:

Բոլոր նրանք, ովքեր որևէ առիթով գրել են Տաթևացու մասին, հատկապես նրա ժամանակակիցները, հիշում են նրան բազմապիսի մեծարող մակդիրներով. քաջ հռետոր, բանիբուն վարդապետ, եռամեծ, արեգակ պայծառ, մեծ րաբուն, տիեզերալոյս, երիցս երանեալ, բազմերախտ հայր, երկրորդ արփիաւորիչ Հայկազեան սեռի, պայծառամիտ, հանճարեղ եւ այլն:

Գնահատելով Տաթևացու ներդրումներն իբրև Գրիգոր Լուսաւորչի, Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու և այլոց ծառայություններին հավասարարժեք` Հայ եկեղեցին Տաթևացուն ընդունել է իր սրբերի շարքը, որի առիթով ուզում ենք բերել Մաղաքիա Օրմանյանի դիպուկ դիտողությունը. «Հայ Եկեղեցւոյ սուրբերէն անոնք, որ Ե. դարէն ետքն են, հազիւ թէ տասնեակ մը կը կազմեն, եւ ամէնքն ալ այդ պատւոյն բարձրացած են իրենց մեծահռչակ եւ լուսաւոր արդիւնքներուն համար» (տե'ս, Մ. Օրմանեան, Հայոց Եկեղեցին, Կ. Պոլիս, 1912, էջ 174):

Գրիգոր Տաթևացու հիշատակը տոնվում է Մեծ պահքի 3-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։

Մեզ են հասել նրան նվիրված Առաքել Սյունեցու, Մեսրոպ վարդապետի, Մատթէոս Ջուղայեցու (վերջինիս գրված այբբենական գլխակապով) ներբողները, նրա անձի շուրջը հյուսած զրույցներ և լեգենդներ:

Կենսագրական տեղեկություններ նրա մասին հաղորդել են հիմնականում Թովմա Մեծոփեցին և Մատթեոս Ջուղայեցին. սակավաթիվ տեղեկություններ քաղում ենք նաև իր իսկ աշխատություններից, դրանց հիշատակարաններից:

Ի՞նչ են հաղորդում կենսագիրները: Ըստ Ջուղայեցու «էր ազգաւ Հայկազնի, աշխարհաւ կրկնակի՝ ի հայրենական տոհմէ Քաջբերունի եւ մայրենական ցեղն յԱյրարատ գաւառէ ի գեղաւանէն Փարպոյ»: Հովհան Որոտնետնեցին Երուսաղեմ գնալու ճանապարհին տեսնում է պատանի Խութլուշահին (Ստեփանոս Օրբելյանի ստուգաբանությամբ նշանակում է «շնորհալի թագաւոր»), նկատում նրա արտասովոր ընդունակությունները, դարձնում հոգեորդի: Ձեռնադրում է սարկաւագ Սեպուհ լեռան վրա գտնվող Գրիգոր Լուսավորչի դամբարանի մոտ, նրա անունով էլ կոչում՝ Գրիգոր: Քահանա ձեռնադրվում է Երուսաղեմում, իսկ վարդապետ՝ դարձյալ Դարանաղյաց գավառի հիշարժան վայրում: Այս ամենն ըստ Թովմա Մեծոփեցու տևում է 28 տարի:

1386թ. Որոտնեցին անսպասելի հիվանդանում է. «յանկարծակի տկարացեալ հիւանդացաւ եւ կամ եղեւ Արարչին գնալ առ նա. կոչեաց զմեծ վարդապետն (Տաթևացուն - Ս. Գ.) եւ զընկերակիցսն նորա, օրհնեաց զնոսա ամենայն հոգեւոր եւ աստուածային օրհնութեամբ եւ եդ զԳրիգոր ամենեցուն գլուխ եւ ուսուցիչ»: Այս ամենը տեղի էր ունենում Ապրակունյաց վանքում, որտեղ Որոտնեցին և Տաթևացին գտնվում էին հանգամանքների բերումով:

Ըստ կենսագիրների, Տաթևացու րաբունապետական նշանակմանը եկել էին մասնակցելու Հայաստանի բոլոր անկյուններից:

1387թ. Տաթևացին Ապրակունյաց վանքից տեղափոխվում է Տաթևի վանք. «գնացեալ ի սուրբ Ուխտն եւ ի շնորհալից յաթոռ Ստաթէի առաքելոյսն եւ ի տուն Օրբելեանց առ իշխան Սմբատ, որդի Իւանէի` թոռն Բուռթէլի»: Այստեղ Տաթևացին օգտվելով Օրբելյան իշխանական տան հովանավորությունից` վերսկսում է համալսարանի աշխատանքները` ունենալով երեք «ուսումնարան». «Ի միումն ուսուցանէր զնախկին երգիչ վարդապետաց զերաժշտութիւնս քաղցրալուր ձայնիւ եղանակաւ...: Եւ ի միումն` նկարագրութիւն պատկերահանութեան եւ զանազան նկարչութիւնն: Եւ ի միւսումն` զներքին եւ զարտաքին գրեանս»:

Կարճ ժամանակ անց Մեծոփեցու վկայությամբ Տաթևացին հավաքում է բազմաթիվ աշակերտներ, և Տաթևի համալսարանի փառքը նրա շնորհիվ կրկին տարածվում է երկրով մեկ և նույնիսկ` «պատուեցաւ ազգս հայոց յայլասեռիցն վասն ախորժ եւ իմաստայեղծ բանից վեհին Գրիգորի»:

Տաթևացին, որպեսզի կարողանա զերծ պահել համալսարանը ավերածություններից, կապեր է հաստատել նախ` Լենկթեմուրի, ապա` նրա որդի Միրանշահի հետ: Սրանք ոչ միայն ընդունել են նրան, այլ թերևս նկատի առնելով նրա ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը` պատվի արժանացրել. «Եւ մեծարեցաւ եւ պատուեցաւ ի մեծ աշխարհակալէն Թամուրէն եւ յորդոյ նորին Միրանշայէն»:

1402թ. Տաթևացին համալսարանի րաբունապետությունը հանձնում է Մատթեոս Ջուղայեցուն` վատառողջության պատճառով և ազատված ժամանակը քարոզչական աշխատանքի և կաթողիկոսական աթոռի հետ կապված հարցերի լուծմանը տրամադրելու ակնկալությամբ:

1408թ. նա գալիս է Քաջբերունյաց գավառ, Մեծոփավանք: Տաթևացու գալը մեծ աշխուժություն է առաջացնում այդ շրջաններում: Բազմաթիվ կրոնավորներ և վարդապետներ շտապում են տեսնելու և լսելու ժամանակի մեծահամբավ մարդուն:

Այստեղ Տաթևացին մնում է մեկ ամբողջ տարի, որի ընթացքում ծավալում է բազմակողմանի գործունեություն. վարդապետում, քարոզում, թղթին հանձնում նոր աշխատություններ և, որ ամենակարևորն է, ընդարձակ քննության նյութ է դարձնում Հայոց կաթողիկոսական աթոռի միավորման հարցը: Սա ուշագրավ պատմական փաստ է, որովհետև արդեն պետականություն չունեցող երկրի համար էական է դառնում այդ հարցի լուծումը, որի ձեռնարկումը դառնում է Տաթևացու վերջին հայրենասիրական քայլը:

Տաթևացին կնքում է իր մահկանացուն ըստ Մեծոփեցու` Տաթև գալուց ութ օր անց. «Հանգեաւ երանելի մահուամբ ի վանքի Տաթեւոյ ի դեկտեմբերի ԻԷ (27-ին) եւ թաղեցաւ ի տօնի մեծ առաքելոցն Պետրոսի եւ Պօղօսի եւ եղեւ դասակից եւ պատուակից նոցին ի թուին ՊԾԸ (1409թ.)»:

Բոլոր նրանք, ովքեր գրել են Տաթևացու մասին, մտավախություն են ունեցել, որ չեն կարողանա ըստ արժանվույն ներկայացնել նրան. «եթէ բոլոր լեզուք ի մի վայր ժողովին` ոչ կարեն ըստ արժանւոյն ներբողական բանիւք դրուատել»: Նոյն կարծիքին է նաև Ջուղայեցին. «Զի թէ բազմահարուստ ոք լեալ` ոչ կարէ ըստ արժանւոյն պատուասիրել զնա»: Եւ այսուհանդերձ, աներկբա է եղել նրանց հավատը, որ Տաթևացին անջնջելի հետք կթողնի հայ ժողովրդի պատմության մեջ. «զբանս ոգեշահ իբրեւ արձան մեզ թողեր... ոսկեպսակ գլխոյ տոհմին մեր եդեր»:

Մեզ են հասել Տաթևացու երկու տասնյակը գերազանցող աշխատությունների հարյուրավոր ընդօրինակություններ, նրա նկարազարդած երկու ավետարան. հանգամանք, որ փաստում է, որ Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը, «Գիրք քարոզութեան» Ամառան և Ձմեռան հատորները, «Ոսկեփորիկ»-ը և մյուս աշխատությունները անվերապահորեն դարձել են հայ եկեղեցու գանձերը:

Կայքի ստեղծման նպատակն է այդ գանձերը դարձնել համաժողովրդական սեփականություն, առավել ևս որ արդեն իսկ ունենք այդ աշխատություններից ամենանշանավորի՝ «Գիրք հարցմանց»-ի, աշխարհաբար թարգմանությունը:

 

© 2020 - ՍՈՒՍԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

info@grigortatevatsi.am